National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.11.2009
Խորհրդարանում նշվեց «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի 20-ամյակը

Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի ղեկավարության ու պատգամավորների, մշակույթի նախարարի, ՄԱԿ-ի  մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ այյլ հյուրերի մասնակցությամբ խորհրդարանում նշվեց «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի 20-ամյակը: Կոնվենցիան երկու տասնամյակ առաջ  ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, այնուհետեւ 193 երկրներ վավերացրել են այն: Հայաստանը «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային միացել է 1992 թ.-ին: 

Հատկանշական էր, որ միջոցառման բացման  իրավունքը վերապահված էր հենց երեխաներին: Մանկական շուրթերից հնչեցին կոնվենցիայում ամրագրված հիմնական իրավունքները:

Կոնվենցիայի տարեդարձը նշելու եւ երեխաներին շնորհավորելու էր եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իր ողջույնի խոսքում  նա ասաց.

 «Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

Ողջունում եմ ձեզ Ազգային ժողովի հարկի տակ: Ուրախ եմ հատկապես Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ Երեւանում աշխատող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ասել. «Բարի գալուստ Հայաստանի խորհրդարան»:

Ուղիղ 20 տարի առաջ ընդունվել է Երեխաների իրավունքների կոնվենցիան: Պատահական չէ, որ այն նորանկախ Հայաստանի կողմից վավերացված առաջին միջազգային փաստաթղթերի շարքում է: Այդ կոնվենցիայի առկայությունը պարտավորեցնող է: Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք այն ամբողջությամբ, առանց որեւէ թերության մեր երկրում իրագործելու համար: Միեւնույն ժամանակ, այդ փաստաթուղթը նաեւ միջազգային համագործակցության կարեւորագույն գործիք է: Ակնհայտ է, որ երեխաների իրավունքներին վերաբերող շատ հարցեր հնարավոր չէ լուծել զուտ մեկ երկրի մակարդակով: Միջազգային հանրությունը պետք է նպաստի այդ խնդիրները լուծելուն ուղղված ջանքերին: Սակայն որքան էլ միջազգային հանրությունն օժանդակելու լինի` հիմնական պատասխանատվությունը կրում ենք մենք` մեր երկրի ազատ քաղաքացիները, որ տնօրինում ենք մեր ճակատագիրը:

Առօրյա անցուդարձի մեջ` պետք է հիշենք, թե ի՞նչն է մեր հիմնական խնդիրը: Առաջին հերթին, յուրաքանչյուր քայլ պետք է ուղղված լինի մեր ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Ամեն մի գործողություն պետք է քննարկվի այդ որոշումների սոցիալական հետեւանքների տեսանկյունից: Այդ ուղղությամբ կատարվող աշխատանքը պետք է չսահամանափակվի մայրաքաղաքով, այլեւ էապես հաշվի առնի սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզերում:

Այս ցուցահանդեսի անվանումը պատահական չէ: Երեխաները մեր հույսն ու հավատն են, երկրի ապագան, եւ դրա մասին պետք է ոչ թե պարզապես խոսել, այլ ձեռնարկել կոնկրետ աշխատանք: «Երեխաները խաղալիք չեն» ծրագիրը մեկնարկեց հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը` ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում: Այսօր մենք ամփոփում ենք այն: Սակայն ծրագրի ամփոփումը լավ առիթ է մեր այս աշխատանքը շարունակելու վճռականությունն ազդարարելու համար:

 Հարգելի հյուրեր,

Այս նշանավոր օրվա կապակցությամբ` սրտանց շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ Երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիան լավագույնս իրագործելու հարցում մենք դեռ նոր հաջողություններ կարձանագրենք: Վստահ եմ նաեւ, որ դա տեղի կունենա բոլորիս ջանքերը համախմբելու միջոցով:

Շնորհակալություն»:

«Այսօր մենք տոնում ենք մի կարեւոր իրադարձություն` Երեխաների իրավունքների կոնվենցիայի ընդունման 20-րդ տարելիցը: Այն ազդեցիկ իրավական եւ բարոյական գործիք է հանդիսանում բոլոր երեխաների իրավունքները առաջ տանելու եւ պաշտպանելու համար, ինչպես նաեւ այն փարոսը, որն ուղղորդում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին իր բոլոր գործողություններում»,-իր շնորհավորական ուղերձում նշեց  «ՅՈՒՆԻՍԵՖԻ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշիրին: Նա ընդգծեց, որ կոնվենցիայի կողմ դառնալուն զուգահեռ Հայաստանն ընդունել է օրենք «Երեխայի իրավունքների մասին»` վերահաստատելով երախաների իրավունքներին պատշաճ ուշադրություն դարձնելու  իր մարտավարությունը:

Կոնվենցիայի տարեդարձը խորհրդարանում նշանավորվեց հայտնի հայ լուսանկարիչ Վիգեն Մնոյանի` «Երեխաները խաղալիք չեն» խորագրով 85 լուսանկարների ցուցադրությամբ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի` «Երեխաների վիճակն աշխարհում» զեկույցի հատուկ թողարկման շնորհանդեսով: Հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում  Աժ նախագահի հովանու ներքո բացված ցուցահանդեսն արդեն  ներկայացվել է Հայաստանի տարբեր մարզերում:  Լուսանկարներում պատկերված են սոցիալական տարբեր խավերի եւ տարբեր կարգավիճակ ունեցող  երեխաներ: «Երեխաների վիճակն աշխարհում» վերտառությամբ զեկույցում արտացոլված են վերջին 20 տարիների ընթացքում երեխաների իրավունքների ոլորտում ձեռքբերված առաջընթացը, առկա խնդիրները, ինչպես, օրինակ,  տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի եւ կլիմայի փոփոխության  ազդեցությունը երեխաների կյանքի վրա:

Օրը նշանավորվեց մեկ այլ իրադարձությամբ եւս:  Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշիրին ստորագրեցին 2010-2011թթ. աշխատանքային ծրագիր` նախատեսված Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջեւ  այս տարի հունիսի 7-ին ստորագրված  փոխըմբռնման հուշագրով: Այս ծրագրի շրջանակներում, Արեւիկ Պետրոսյանի ներկայացմամբ, կբարելավվի երեխաների իրավունքներին առնչվող օրենսդրական դաշտը, ոլորտի բոլոր նյութերը կամփոփվեն էլեկտրոնային գրադարանում, կիրականացվեն փորձի փոխանակմանն ու աշխատակազմի կարողությունների կատարելագործանն ուղղված միջոցառումներ:  Ծրագրվում է նաեւ անցկացնել միջազգային խորհրդաժողով`  քննարկելու եւ գտնելու երեխաների իրավունքները պաշտպանելու լավագույն ուղիները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նշեց, որ, չնայած այս ամենին, երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ դեռեւս շատ անելիքներ կան ողջ աշխարհում:

Երեխաներին խորհրդարանում նաեւ անակնկալ էր սպասվում. նվերներ ու քաղցրավենիք: Նրանք հնարավորություն ստացան լինել նաեւ ԱԺ նիստերի դահլիճում: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am